ԱՂԱՎՆՈ` 9 ԱՄԻՍ ԱՆՑ

Այստեղ «Արցախ ռութս ինվեսթմենթ (ԱՐԻ)» ընկերության միջոցներով տներ են կառուցվում, ու հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի և շինարարության պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթանում է կառուցվող թաղամասում կատարված աշխատանքներին ու հանձնարարականներ տալիս: Կառավարության ղեկավարը գոհ է աշխատանքների ընթացքից ու որակից:

Առաջին 50 առանձնատներից մոտ 30-ը արդեն պատրաստ է ընդունել տերերին, 20 տուն էլ վերջնական տեսքի կբերվի մինչև տարեվերջ: Առաջին 50 առանձնատները կհատկացվեն այն ընտանիքներին, ովքեր այսօր ապրում են Աղավնոյում: Առաջնահերթությունը կտրվի բազմազավակ ընտանիքներին:

«Ունենք 182 բնակիչ՝ 59 ընտանիք: Այդ 50 տունը արդեն մոտ 60%-ով կառուցված է: Ոչ մի խոչընդոտող հանգամանքներ չկան: Մինչև տարվա վերջ եթե ոչ ամբողջությամբ, ապա մոտ 90%-ով կավարտենք»,- Artsakhtv-ին հավաստիացնում է համայնքի ղեկավար Միասնիկ Մաթևոսյանը:

Աղավնոյում են նաև «ԱՐԻ» ներդրումային ընկերության ներկայացուցիչները` Լիբանանից ժամանած շուրջ 70 փայատերեր: («Արցախ ռութս ինվեսթմենթ» ընկերությունը հիմնադրել են լիբանանահայ մի շարք ձեռնարկատերեր՝ աջակցելու վերաբնակեցված շրջանների տնտեսական զարգացմանը: Ներկայում այն ունի մոտ 150 փայատեր: 2009-14թթ. նշյալ շրջանների շուրջ 1000 ընտանիքներ օգտվել են ընկերության տրամադրած անասնաբուծական արտոնյալ երկարաժամկետ վարկերից, որոնց տոկոսադրույքը մասնակիորեն սուբսիդավորում և վերադարձելիությունը երաշխավորում է ԼՂՀ կառավարությունը):

Ծրագրի ներկայացման պաշտոնական արարողությանը ողջունելով բնակիչներին` ծրագրի պատասխանատուները նշում են, որ կառուցվող այս հարմարավետ առանձնատները մեկ նպատակ են հետապնդում՝ բարելավել քաղաքացու ապրելակերպը, նրան ավելի ամուր կապել նվիրյալների արյունով ազատագրված այս սուրբ հողին:

«Այստեղ պետք է այս տնաշինությունը շարունակվի` մեր միջոցավ կամ այլ միջոցներով, որպեսզի այս բարեբեր, սքանչելի շրջանը վերաբնակեցվի»,- ասում է ԱՐԻ կազմակերպության խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը:

«Ուզեցինք սկսիլ այնպիսի մեկ հանգրվան, որ այլևս մեկդի դրած նվիրատվություն փոխանցելու պրոցեսն անցնի մի նոր պրոցեսի: Մենք կուզենք ներդրումներ ընել, որովհետև գումարներ ունինք, որ դրամատներու մեջ երբեմն կմեռնին, երբեմն ուրիշներ կգրավեն, իսկ մեր ժողովուրդը կարիք ունի ադ գումարների: Ուզեցինք փաստել, որ կարելի է համագործակցիլ հայրենիքի պատասխանատուների հետ»,- հավելում է ԱՐԻ կազմակերպության խորհրդի անդամ Ստեփան Տեր-Պետրոսյանը:

ԱՐԻ ծրագրի շրջանակներում Աղավնո համայնքում ընդհանուր առմամբ նախատեսված է կառուցել 150 բնակելի առանձնատուն` մոտ 100 քմ մակերեսով, 500-800 քմ տնամերձ հողատարածքով: Առաջին 50 տները կառուցվում են Աղավնո գետի ձախ ափին: Ծրագրի հաջողության դեպքում շինարարությունը կտեղափոխվի նաև գետի աջ ափ: Հաջորդ փուլերում կառուցվելիք ևս 100 տները հատկացվելու են հիփոթեքային արտոնյալ պայմաններով:

ԱՂԱՎՆՈ` 9 ԱՄԻՍ ԱՆՑ

 

«Առաջին փուլի 50 առանձնատների կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 111 միլիոն դրամ, որից 924 միլիոն դրամը պետք է տրամադրի ԱՐԻ ընկերությունը, իսկ 187 մլն դրամը` ԼՂՀ կառավարությունը: Միևնույն ժամանակ` ընդհանուր բարեկարգման և ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները ևս հանձն է առել ԼՂՀ կառավարությունը, որը մոտավորապես կազմում է 500 մլն դրամ: Հարկ եմ համարում նշել, որ աշխատանքների ընթացքը խստորեն վերահսկվում է թե´ նախարաության մասնագետների, թե´ ԱՐԻ ընկերության ներկայացուցիչների կողմից, և հավաստիացնում ենք, որ հաջորդ տարի մենք կունենանք ժամանակակից պահանջներին համապատասխանող, կոմունալ բոլոր հարմարություններ ունեցող նոր տիպի գյուղական բնակավայր»,- ասում է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Ծրագիրը չի սահմանափակվելու միայն բնակարանաշինությամբ: Գյուղում կառուցվելու են նաև մանկապարտեզ, գյուղապետարան, ձկնաբուծարան, անասնապահական ֆերմա, խաղահրապարակներ… այն ամենը, ինչ անհրաժեշտ է բարեկեցիկ կյանքի համար:

ԼՂՀ կառավարության ղեկավարը շնորհավորում է համայնքի բնակիչներին ու շնորհակալություն հայտնում ԱՐԻ-ի ներկայացուցիչներին` այդ նշանակալի նախաձեռնության համար: Արա Հարությունյանը համոզված է, որ տարիների ընթացքում ընկերությունն ավելի խոշոր ծրագրեր է իրագործելու Արցախում: Նա կարևորում է այն հանգամանքը, որ ԱՐԻ-ի մի շարք այլ ծրագրերի շնորհիվ Քաշաթաղի և Շահումյանի բազմաթիվ ընտանիքների հնարավորություն է տրվել ունենալ կայուն եկամտի աղբյուր:

«Մենք բազմաթիվ պետական ծրագրեր ենք իրականացնում և´ Շահումյանում, և´ Քաշաթաղում: Հարյուրավոր միլիոն դրամների շինանյութեր ենք տրամադրել տարիների ընթացքում, իսկ այս տարի շատ մեծ ծավալների՝ արդեն 250 միլիոնի շինանյութ ենք տրամադրել, և շինանյութի ծրագիրը շարունակական է, մնացած ընտանիքների բնակարանային, կենցաղային պայմանները բարելավելու համար: Սա ձեր` տարիների ընթացքում ամենախոշոր ձեռքբերումն է, բայց ոչ վերջինը: Համոզված եմ, որ տարիները ավելի խոշոր նախագծեր իրականացնելու հնարավորություն կտան ոչ միայն Քաշաթաղում, այլ նաև մեր վերաբնակեցվող և զարգացող մնացած շրջաններում»,- ասում է Արա Հարությունյանը:

«Եթե դուք հնարավորություն ունենաք այցելել Կովսական,- հավելում է վարչապետը,- կտեսնեք սիրիահայ ընտանիքներին տրամադրված բնակարանները: Իշխանաձորում արդեն ընթանում են 28 տների շինարարական աշխատանքները, որտեղ նախատեսվում է կառուցել ավելի քան 100 բնակարան: Բազմազավակության ծրագրով ևս նոր տներ ենք կառուցել, իսկ վերաբնակիչների բնակարանային պայմանների բարելավման նպատակով մի քանի հարյուր միլիոն դրամի շինանյութ ենք տրամադրել նրանց: Բացի այդ, դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների շինարարությունն իրենց նշանակալի տեղն ունեն շրջանների զարգացման ծրագրերում: Աղավնո գետի վրա արդեն կառուցել ենք հինգ փոքր հիդրոէլեկտրակայան, և նմանատիպ նախագծեր կան նաև այլ գետերի հետ կապված: Համոզված եմ, որ այս ծրագրերը շրջանին հնարավորություն են տալու առաջանցիկ տեմպերով զարգանալ»:

 

ԱՂԱՎՆՈ` 9 ԱՄԻՍ ԱՆՑ

«Ուզեցինք փաստել, որ կարելի է համագործակցիլ Հայրենիքի պատասխանատուների հետ»:

Այսօր արդեն վստահ կարելի է փաստել` Քաշաթաղի շրջանի զարգացման գործընթացից ԱՐԻ ծրագիրն արդեն անբաժանելի է: Պատասխանատուները պատրաստակամ են մեծացնել տարբեր ոլորտներում ներդրումների ծավալները՝ խթանելու Քաշաթաղի և Շահումյանի տնտեսական ակտիվությունը:

Աղավնոյի լուսանկարները` qashatagh.info-ի

Leave a Reply