Աղավնոյում 25 բնակարաններ շուտով շահագործման կհանձնվեն

Դեկտեմբերի 10-ին «ARI» ընկերության խորհրդի անդամները, ովքեր նաեւ հանդիսանում են ընկերության ներդրողներ, այցելեցին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք՝ ծանոթանալու ընկերության կողմից համայնքում իրականացվող բնակարանների շինարարական աշխատանքներին:

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ներդրող Ստեփան Տեր-Պետրոսյանը, խորհրդի անդամներ եւ ներդրողներ Վահան Կասարջյանը եւ Մելքոն Հակոբյանը տեղում ծանոթացան իրականացված աշխատանքներին եւ առկա խնդիրներին:

«ARI» ընկերության ներդրող եւ տնօրենների խորհրդի նախագահ Ստեփան Տեր-Պետրոսյանի խոսքով՝ սա նրանց հերթական շրջայցն է, որը պետք է կատարեին ըստ համաձայնության, շինարարական աշխատանքների այս փուլում:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում «ARI» ընկերությունը նախատեսում է կառուցել՝ ընդհանուր 50 բնակելի առանձնատուն: Բնակարանների մի մասը սոցիալական ծրագրերի շրջանակներում տրամադրվելու է վերաբնակիչներին: Շինարարական աշխատանքներն սկսվել էին 2013 թվականից՝ «ARI» ընկերության և Արցախի ներդրումային հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Այժմ տարվում են բնակարանների ներքին հարդարման, տարածքի բարեկարգման և ջրի ներքին կոյուղացանցի աշխատանքները:

«Դեկտեմբերի կեսերին պետք է ավարտված լինեին աշխատանքները: Ենթակառուցվածքների աշխատանքները պետք է իրականացվեր պետության կողմից, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքները դանդաղել էին մի որոշ ժամանակ: Շնորհիվ երկկողմ համաձայնության՝ այժմ շինարարական աշխատանքները նոր թափ են առել, եւ, հավանաբար, 2-3 ամիս հետո Աղավնո համայնքում արդեն 25 բնակարան պատրաստ կլինի շահագործման»,-ասաց Ստեփան Տեր-Պետրոսյանը:

Ստեփան Տեր-Պետրոսյանի խոսքով՝ ընկերությունը պատրաստ է ապագայում էլ իր աջակցությունը ցուցաբերել համայնքին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Այս պահին արդեն Աղավնո գյուղի երկու ընտանիքներ տեղափոխվել են իրենց նոր բնակարանները, քանի որ հին բնակարանների տեղում նոր բնակարաններ պետք է կառուցվեն:

Աղավնոյի դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ջուլիետտա Մանվելյանը, դստեր՝ նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Ռուզաննա Նիգոյանի, եւ թոռան հետ առաջինն են, ովքեր տեղափոխվել են:

«Տարիներ շարունակ գյուղում ապրել ենք առանց լույսի: Այն ժամանակ ասում էինք՝ միայն թե լույս ունենանք, մեզ ուրիշ բան պետք չէ: Նույնիսկ չէինք կարող երազել, որ մի օր հարմարավետ բնակարան կունենանք, ուր ամեն մեկն իր անկյունը կունենա, լոգարան կունենանք, եւ ստիպված չենք լինի սենյակում լողանալ: Սա մեր մեծ երազանքն էր, որն իրականացավ այս Նոր տարվա շեմին»,-ասում է տիկին Ջուլիետտան:

Նորայր եւ Շուշան Քյարունցները 4 զավակների հետ ապրում են փոքրիկ մի սենյակում, ուր հազիվ երեք անկողին եւ մեծ դստեր դաշնամուրն է տեղավորվում: 3 տարի առաջ ընտանիքը Սյունիքի մարզի Տեղ գյուղից տեղափոխվել է Աղավնո անասնապահությամբ զբաղվելու համար: Ինչպես ընտանիքի հայրն է ասում՝ գյուղի դիրքը բարենպաստ է անասնապահության եւ այգեգործության համար:

Ընտանիքի մեծագույն երազանքը հարմարավետ բնակարան ունենալն է:

«Երեկոյան տանը մի մեծ խառնաշփոթ է առաջանում: Մեծ դուստրս դաշնամուրի դասերն է սովորում, մյուսները՝ դպրոցի դասերը, կինս էլ փորձում է այդ միակ փոքր սենյակում կարգ ու կանոն հաստատել, որպեսզի մեկը մյուսին չխանգարեն: Զավակներս համակարգիչ են ուզում, սակայն չենք կարող դա մեզ թույլ տալ՝ ոչ թե այն պատճառով, որ ֆինանսական հնարավորություն չունենք, այլ այն պատճառով, որ տան մեջ համակարգիչ տեղադրելու տեղ պարզապես չկա»,- ասում է Նորայրը:

Բազմազավակ ընտանիքը հույս ունի, որ այս տարի իրենց էլ բնակարան կտրամադրեն, եւ տարեմուտը կդիմավորեն իրենց նոր բնակարանում:

Նշենք, որ «ARI»-ն հիմնադրվել է 2009 թվականին, լիբանանահայ գործարարների կողմից՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով:

Այս շրջանների բնակիչները 2010 թվականից օգտվում են ընկերության՝ նպատակային փոխառությամբ տրամադրվող ֆինանսական միջոցներից: 6 տարիների ընթացքում «ARI»-ն Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում շուրջ 1 միլիարդ 260 միլիոն դրամի ծրագրեր է իրականացրել՝ արտոնյալ պայմաններով փոխառություններ տրամադրելով ավելի քան 1000 ընտանիքների:

Ավելի ուշ՝ ընկերությունն ընդլայնել է ներդրումների շրջանակը՝ ԼՂՀ կառավարության հետ համատեղ մասնակցելով Աղավնոյում իրականացվող բնակարանաշինության ծրագրին:

Leave a Reply