Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանան:
Վարչապետը մարտի 12-ին և 13-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հայազգի և օտար ներդրողների հետ, նրանց հետ քննարկել Արցախում ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացման հարցեր և ձեռք բերել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ: «Արցախ Րութս Ինվեսթմընթս» ընկերության տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը քննարկել է ընկերության ծրագրերը, դրանց իրագործման ընթացքը և հետագա ուղղությունները: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել ընկերության ներդրումը Քաշաթաղի շրջանի զարգացման և բնակիչների բարեկեցության մակարդակի բարելավման գործում՝ համոզմունք հայտնելով, որ կառավարության և ընկերության միջև սերտ համագործակցությունն այսուհետ ավելի կխորանա և կընդլայնվի:
Մարտի 13-ին արցախյան պատվիրակությունը մասնակցել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսի գլխավորությամբ մատուցված սուրբ պատարագին, այնուհետև Անթիլիասի կաթողիկոսարանում հանդիպում է ունեցել Արամ Առաջինի հետ: Վարչապետն իր խոսքում կարևորել է լիբանանահայ համայնքի ակտիվ մասնակցությունն Արցախի գոյապայքարի և զարգացման գործում՝ Արցախի բնակչության անունից շնորհակալություն հայտնելով համայնքին՝ շարունակաբար ցուցաբերվող բարոյական և նյութական աջակցության համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ողջունել է Ա. Հարությունյանին՝ հավաստիացնելով, որ Արցախի զարգացման ու անվտանգության ապահովումը համայն հայության առաջնահերթություններից է, և Անթիլիասի կաթողիկոսությունը ևս ծառայում է այդ առաքելությանը:
Վարչապետի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիբանան շարունակվելու է մինչև մարտի 15-ը՝ ներառելով տնտեսական, քաղաքական և մշակութային բնույթի հանդիպումներ ու միջոցառումներ:

http://gov.nkr.am/hy/official-news/item/2016/03/14/beyrut/

 

Leave a Reply